Վրաստանի  «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատվիրակությունը» մեկնել է Կիեւ, որտեղ շարունակվում են եվրաինտեգրման կողմնակիցների բողոքի ցույցերը: Որոշ տվյալներով այնտեղ է նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Սակայն կուսակցությունն այս լուրը պաշտոնապես չի հաստատել:

Պատվիրակության կազմում են կուսակցության անդամներ Սերգո Ռատիանին, Դավիթ Սահվարելիձեն եւ Գիյա Բարամիձեն, հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով  «Միասնական ազգային շարժման» մամուլի ծառայությունը:

Պատվիրակությանը հավանաբար շուտով կմիանա Վրաստանի   նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:

Վրաստանի Եվրոպական եւ Եվրատլանտյան ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ «Միասնական ազգային շարժումը», հնարավոր է, ոչ մեծ պատվիրակություն ուղարկի Կիեւ, որը չի միջամտի քաղաքական գործընթացներին եւ կկանգնի ուկրաինական ժողովրդի կողքին:

Նշենք, որ «Միասնական ազգային շարժման» խորհրդարանական խմբակցությունը  «ուկրաինական ժողովրդի եվրոպական ձգտումները» սատարող փաստաթղթի ընդունման նախաձեռնությամբ էր հանդես եկել:

Սակայն իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն այդ նախաձեռնությունն անժամանակ էին համարել: