Թուրքիայում վճռաբեկ դատարանը բեկանել է քրոջն ու փեսային սպանած հայ երիտասարդի դեմ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 1-ին դատարանի կայացրած վճիռը:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ վճռաբեկի կայացրած որոշման մեշ նշվել է, թե սպանությունները չեն եղել հանուն պատվի եւ «նամուսի», ինչպես որ նշվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 1-ին դատարանի կայացրած վճռով։
Վճռաբեկը որոշել է, որ հայազգի Գյոնայ Օղմենն իրականացրել է կանխամտածված սպանություններ։ Վճռաբեկի որոշումը հիմնավորվել է նրանով, որ հայ աղջիկն ամուսնացել էր թուրք երիտասարդի հետ, սակայն հասարակության կողմից դեպքի հետ կապված ճնշում չի եղել Գյոնայ Օղմենի նկատմամբ եւ հասարակությունը չի սպասել հանուն պատվի եւ «նամուսի» պատժի։
Գյոնայ Օղմենը դատապարտվել էր ցմահ ազատազրկման ։
Նշենք, որ 2011-ի դեկտեմբերի 12-ի երեկոյան Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 10 օր առաջ ամուսնացած հայազգի Սոնեյի եւ մահմեդական Զեքերիայի դիակները։
Աղջկա եղբայրը ներկայացել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ ինքն է սպանել իր քրոջն ու փեսային։ «Մեր ընտանիքը կրոնական անհամատեղելիության պատճառով դեմ էր նրանց ամուսնությանը։ Մենք առաջարկել ենք, որ Զեքերիան քրիստոնեություն ընդունի եւ հարսանիքը եկեղեցում իրականացնենք։ Այդ օրը սրճարանում հանդիպել եմ քրոջս եւ նրա ամուսնու՝ Զեքերիայի հետ եւ զրուցել հարսանիքի հետ կապված։ Սակայն խոսակցությունը հարթ չի ընթացել, եւ ես առաջարկել եմ դուրս գալ եւ ավելի հանգիստ տեղ զրուցել։ Մենք մեքենայում շարունակել ենք խոսակցությունը։ Ես Զեքերիային հասկացրեցի, որ մեր ավանդույթները, նամուսը թույլ չեն տալիս առանց եկեղեցու ամուսնացնել, իսկ նա վիրավորեց եւ հայհոյեց թե ինձ, թե մեր նամուսն ու ավանդույթները։ Ես չդիմացա վիրավորանքին եւ ատրճանակով սպանեցի Զեքերիային։ Այդ պահին քույրս վախից կարկամել էր, ում ուղղությամբ եւս կրակ արձակեցի եւ հեռացա մեքենայից»,-ոստիկանությունում պատմել է աղջկա եղբայրը։




























