Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավաթն առաջարկել է անցկացնել հանրաքվե երկրի կառավարության վստահության վերաբերյալ: Նա խոստացել է ցրել Ազգային ժողովն ու հրաժարական տալ, եթե նման որոշման օգտին քվեարկի թագավարության բնակչության մեծամասնությունը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, հանդես գալով տեղական հեռուստատեսության եթերից՝ Չինավաթն ընդգծել է, որ կառավարությունը ճգնաժամից դուրս գալու ելք է փնտրում:
Իր հերթին, ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, ընդդիմության առաջնորդ Սութեպ Թաուգսուբանը կոչ է անում ստեղծել «ժողովրդական խորհուրդ», որը կփոխարինի գործող կառավարությանը: Ընդդիմության առաջնորդը ծրագրում է խոշոր ցույց կազմակերպել, որի նպատակը կլինի ի վերջո ստիպել Չինավաթին առանց հանրաքվեի անցկացման հրաժարական տալ:
Նշենք, Թաիլանդում նոյեմբերից բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում: Ընդդիմությունը պահանջում է Յինգլակ Չինավաթի հրաժարականը, հայտարարելով, որ դե ֆակտո երկիրը կառավարում է նրա եղբայր Թաքսին Չինավաթը. վերջինս պաշտոնանկ էր արվել 2006թ.-ին եւ ավելի ուշ կոռուպցիայի համար հեռակա ազատազրկման էր դատապարտվել: Բանգկոկում լուրջ հուզումների սկզբից ի վեր զոհվել է հինգ անձ, վիրավորվել են մոտ երեք հարյուրը:



























