Այսօր Ռուսաստանում ապօրինի ներգաղթյալների թիվը հասնում է 3,5-3,6 միլիոնի:

Ընդ որում՝ ավտոմատացված համակարգի միջոցով ամեն օր երկրի մուտքը փակվում է մոտ 3 հազար ապօրինի ներգաղթյալների համար: Այս մասին այսօր հայտնել  է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին:

ԴՄԾ պետի խոսքով՝ ապօրինի ներգաղթյալների հիմնական մասն ԱՊՀ-ից է: Նրանք Ռուսաստան եկել են օրինական ճանապարհով, սակայն խախտել են երկրում գտնվելու ժամկետները:

 «Ըստ մեր գնահատականների` Ռուսաստանի տարածքում կան 3,5-3,6 միլիոն արտասահմանցիներ, որոնք չարաշահել են երկրում օրինական կեցության ժամկետը եւ աշխատում են անօրինական», - նշել է  Ռոմոդանովսկին, հայտնում է rbc.ru-ն:

ԴՄԾ-ի պետը կասկած է հայտնել նաեւ միգրացիոն համաներման արդյունավետության առնչությամբ, նշելով, որ 2007-2008թթ.  երկրի  իշխանություններն  ապօրինի ներգաղթյալներին առաջարկել էին «ԴՄԾ ներկայանալ` զղջալու, տուգանք վճարելու եւ  միգրացիոն քարտ ստանալու»: Սակայն առաջարկին 5 միլիոն մարդուց արձագանքել էր միայն 2,2 հազարը: