Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղացողների շահերի մրցակցությունը կարող է վնասել Հայաստանին, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության հարցում: Այս մասին դեկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Արեւմտահայերի խնդիրների ուսումնասիրման կենտրոնի» տնօրեն Հայկազուն  Ալվրցյանը:

Նա նշել է, որ Մաքսային միություն մտնելու մասին Հայաստանի կայացրած քաղաքական որոշումը շատ է անհանգստացրել ԱՄՆ-ին ու Եվրոպային: «Ես Հարավային Կովկասում դիրքերի հետագա ամրապնդման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը դրական կամ բացասական չեմ գնահատում: Բայց Ռուսաստանը աշխարհի գերտերություններից առաջինն էր, ով բացահայտ հնչեցրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում ամրապնդվելու մտադրությունը», - ասել է  փորձագետը:

Ըստ Ալվրցյանի` Արեւմուտքն այսօր հասկացել է, որ պետք է աշխուժացնի իր ներկայությունը տարածաշրջանում: «Մինչ այդ Արեմուտքը գրեթե ոչ մի հետաքրքրություն չուներ Հայաստանում: Մենք չպետք է մոռանանք, որ վերջին տարիներին Արեւմուտքի թողտվությամբ, անտարբերության կամ, հնարավոր է,  ցանկության պատճառով ղարաբաղյան հիմնախնդրի  լուծման գործընթացը փակուղի է մտել: Սակայն այսօր նրանք հասկացել են, որ պետք է աշխուժացնեն իրենց ներկայությունը տարածաշրջանում, եւ որ պետք է ամրապնդեն իրենց ազդեցությունը: Տարօրինակ է Հայաստանում մեծ ներդրումներ կատարելու վերաբերյալ Արեւմուտքի ցանկությունը, քանի որ այդ մասին վերջին տարիներին իրենք չէին էլ մտածել», - ասել է Ալվրցյանը:

Նա հավելել է, որ վերջին գործընթացները կհանգեցնեն տարածաշրջանում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցության: Փորձագետը հիշեցրել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում են, որտեղ, ըստ նրա, մրցակցություն կա: «Հայաստանի համար որեւէ երկրի ազդեցությանգերակշռությունն անցանկալի է: Մեզ համար ձեռնտու է բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը», - եզրափակել է Հայկազուն Ալվրցյանը:

Հիշեցնենք, որ Մաքսային միությանն անդամակցելու եւ հետագայում Եվրասիական միության ձեւավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին հայտարարվել էր սեպտեմբերի 3-ին`  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ավարտին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am