Հայաստան կատարելիք այցից առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններում նոր բան չկա եւ դրանք հնացած եւ ոչ արդյունավետ դիվանագիտական հնարքներ են։ Նման կարծիք, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարարը կարծես նույն խոսքերը ձայնագրած լինի եւ ամեն անգամ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերին, ասում է դրանք մի փոքր փոփոխություններով։ Իսպիրյանը նշեց, որ Դավութօղլուի հայտարարություններում հնչում է նույն տեսակետը, թե իրենք կողմ են Կովկասում խաղաղությանը, թե իրենք պատրաստ են նպաստել տարածաշրջանում մնայուն կայունության հաստատմանը, սակայն դրան զուգահեռ կրկնում է, թե հայերը պետք է դուրս գան ազատագրված տարածքներից։

«Վերջին շրջանում թուրքական անգլալեզու պարբերականները լծվել են Դավութօղլուի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հայտարարությունների լուսաբանմանն ու ինչ-որ դիվանագիտական աղբյուրներով ստացած տեղեկությունների հրապարակմանը՝ ըստ որի Դավութօղլուն Հայաստանին կառաջարկի սահմանի բացման դիմաց հանձնել ազատագրված շրջաններից 2-ը, որից հետո օրակարգ կգա սահմանների բացման հարցը եւ Թուրքիան դրանով Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Սփյուռքի աշխատանքները ջուրը կլցնի։ Այսինքն, չի հերքվում, որ գործընթացն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքների դեմ»,-նշեց Իսպիրյանը։

Իսպիրյանի խոսքով՝ Հայաստան կատարելիք այցից առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններում նոր բան չկա եւ դրանք հնացած եւ ոչ արդյունավետ դիվանագիտական հնարքներ են։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am