«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը չի հետաքրքրվել եւ չի հետաքրքրվելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զոյա Թադեւոսյանը:

Իսկ թե ինչն է պատճառը, որ չի հետաքրքրվում, նա կարճ պատասխանեց՝ «չեմ ուզում»: Դիտարկմանը, թե նրանց նպատակը եւս իշխանափոխությունն է, գուցե հնարավոր լինի համագործակցությունը, Զոյա Թադեւոսյանն այսպես պատասխանեց. «Ես դեռ պետք է պարզեմ նպատակը, ինձ համար պարզ չի: Ես բոլորին շատ սիրում եմ, շատ հարգում եմ, Աստված թող կանգնի իրենց մտահղացումների կողքին, բայց ոչ ես»:

Զոյա Թադեւոսյանն ասաց, որ այս ամենը իր դիրքորոշումն է, դեռ այդ թեմայով ոչ մեկի հետ չի խոսել: Հարցին, թե ողջունում եք Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, ՀԱԿ անդամն ասաց, որ ոչ մի զգացողություն չունի, ոչ ողջույնի, ոչ ատելության, շատ անտարբեր է: Նա նաեւ շեշտեց, որ ժամանակը ցույց կտա՝ նրանք կկարողանան ինչ-որ բան անել, թե ոչ:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներն են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը և Լենա Նազարյանը: Այսօր կայացել է նախաձեռնության առաջին ժողով-ասուլիսը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am