Դեկտեմբերի 8-ին տեղացած ձյունը լուրջ խցանումներ է առաջացրել Լոռու մարզի ճանապարհներին, մասնավորապես, Վանաձոր-Երևան ավտոմայրուղու Ջրաշեն համայնքին կից ոլորաններին և Վանաձոր-Ալավերդի մայրուղու 3-9 կիլոմետր երկարությամբ  ճանապարհահատվածում:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այդ ճանապարհահատվածը վերջին երկու օրերին ժամանակ առ ժամանակ փակվել է, ապա դարձել միակողմանի երթևեկելի:

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Վանաձոր-Ալավերդի Ճանապարհի  3-4 կիլոմետր հատվածում վրացական «ՖԱ 886» պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան շրջադարձ կատարելիս սահել է և կիսով չափ փակել ճանապարհը: Մեքենայի բեռնամասը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին: Լոռու մարզի ՃՈ աշխատակիցների ջանքերով այն ճանապարհ է դուրս բերվել։

ՃՈ 5-րդ վաշտի 2-դ դասակի տեսուչ Արամ Մելիքսեթյանը NEWS.am-ին ասել է, որ վերջին երկու օրերին Վանաձորի ճանապարհին անընդհատ խցանումներ են առաջանում։