«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այսօր՝ ժամը 12:00-ին, գիտակցության չգալով, մահացել է ֆիլմի նկարահանման մեկնելու ընթացքում վթարի ենթարկված Արամ Փիլոսյանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:  

Հիշեցնենք, որ Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, դեկտեմբերի 6-ին, ժամը 9.00-ի սահմաններում, վթարի էին ենթարկվել ֆիլմի նկարահանման համար մեկնող դերասանները: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Արարատի բաժնից հայտնել էին, որ սահմանային դրվագ նկարահանելու նպատակով դերասանների խմբի՝ տաքսի ծառայության մեքենաներով մեկնած մի մեքենան վթարի է ենթարկվել:

34-ամյա Տիգրան Ասոյանի վարած Opel Astra մեքենան բախվել էր ճանապարհի շրջանաձեւ հատվածի բետոնե քարերին եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով Տ. Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը եւ Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն:

Հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել էր:  Անձնակազմը նկարահանվում էր «Դիպուկահար» ֆիլմում: