ՌԴ Պետդուման այսօր՝ դեկտեմբերի 10-ին, քննարկել է «Ուկրաինայի իրավիճակի մասին» հայտարարության նախագիծը: Քննարկման ընթացքում պատգամավորները, մասնավորապես, քննադատել են Կիեւում Լենինի արձանի ավերումը:
«Սա բարբարոսություն է, անթույլատրելի է», - հայատարարել է ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Իր ելույթում Սլուցկին, մասնավորապես, մեղադրել է արեւմտամետ ուժերին Ուկրաինայի վրա արտաքին ճնշում գործադրելու համար:
«Սադրանքների ու ճնշումների արդյունքում մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում մարդկային տեսանկյունից անթույլատրելի դեպքեր են կատարվում: Ոտնահարվում են բարոյականության, էթիկայի նորմերը, ջարդեր են տեղի ունենում», - ասել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ Ուկրաինայի դեպքերը քաղաքակրթական զավթման օրինակ են, երբ «միաբեւեռ աշխարհ ստեղծել ձգտող ուժերը փորձում են Ուկրաինան կտրել եվրասիական նախագծի մասնակցությունից՝ սկսած Մաքսային միությունից, այն Արեւմուտքի կիսագաղութի վերածել»:
Հիշեցնենք, խորհրդային առաջնորդի հուշարձանի քանդման պատասխանատվությունը դեկտեմբերի 8-ին ստանձնել էր ուլտրաաջ «Ազատություն» կուսակցությունը:
Մեկ օր անց Օդեսայի մարզի Կոտովսկ քաղաքում եւս ավերել էին Լենինի արձանը:





























