Քննչական հատուկ հանձնաժողովը եզրակացրել է, որ 1976թ. Բրազիլիայի նախկին նախագահ Ժուսելին Կուբիչեկը ռազմական բռնապետության կազմակերպած դավադրության զոհ է դարձել:

Հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Սան Պաուլուի քաղխորհրդի անդամները, դեկտեմբերի 10-ին ամբողջական զեկույց կհրապարակի, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ը:

Ժուսելին Կուբիչեկը սպանության պահին ընդդիմադիր ազդեցիկ գործիչ էր: Պաշտոնական վարկածով՝ ավտոպատահարը, որից զոհվել էր նախկին նախագահը, դժբախտ դեպք էր:

Այնուամենայնիվ, ոչ պաշտոնական տվյալով՝ Կուբիչեկը «Կոնդոր» գործողության զոհ է դարձել, որն անցկացնում էին ամերիկյան մի շարք պետությունների հատուկ ծառայությունները՝ ընդդիմադիր որոշ գործիչների վերացնելու նպատակով:

Կուբիչեկի մահը քննող հանձնաժողովը կեղծ գրառումներ է հայտնաբերել պաշտոնական փաստաթղթերում, նաեւ՝ ընթացակարգային սխալներ եւ պաշտոնական տվյալներում հակասություններ:

Քաղաքական սպանության վարկածը հաստատում են նաեւ վկաների ցուցմունքները, որոնց թվում է նաեւ1976թ. օգոստոսի 22-ին Կուբիչեկի մեքենային բախված մեքենայի վարորդը: 

Ժուսելին Կուբիչեկ դը  Օլիվեյրան Բրազիլիայի նախագահ էր դարձել 1956թ.: Նրա նախագահության օրոք երկրում տնտեսական աճ եւ կայունություն էր տիրում: Հենց այդ ժամանակ երկրի մայրաքաղաքը Ռիո դը Ժանեյրոյից դարձավ հատուկ կառուցված Բրազիլիա քաղաքը: