Արդեն 10-12 օր է, ինչ ՀՀՇ-ի գրանցման փաստաթղթերը Արդարադատության նախարարության համապատասխան ատյանում են, սովորական ընթացակարգով անցնում են։ Այս մասին այսօր՝  դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀՇ  վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։

Նա  համոզված է, որ 15-20 օր հետո ՀՀՇ-ն կունենան գրանցվածի կարգավիճակ։ Այժմ նրանք զբաղված են տեխնիկական խնդիրները լուծելով կուսակցության տարածքի, ստորաբաժանումների հետ կապված։

Խոսելով ընդդիմադիր դաշտի համագործակցության մասին՝  Արարատ  Զուրաբյանն ասաց, որ մարդիկ իրենց մոտեցումներով ամբողջությամբ պետք է ընդհանուր դաշտում լինեն, որ հայտնվեն մեկ միավորի մեջ։ Իսկ այսօր, ըստ նրա, ընդդիմությանը կարող է միավորել երկիրը գողերից, տականքներից, ստորներից ազատելու գաղափարը։

«Երբ հաջողվի  ետեւից տանել մասսաներ, այդ ժամանակ էլ հաջողություն կունենանք,  եթե ոչ, մենք դատապարտված ենք մշտապես այս վիճակում լինել։ Պետք է համոզել հասարակությանը, որ դեպի ապագան ես նայում եւ փոփոխություններ կարող ես առաջարկել»,- ասաց Արարատ Զուրաբյանը։

Նա նաեւ նշեց, որ մեզ մոտ նույնացված է իշխող քաղաքական ուժը եւ պետությունը, հասարակությունը ինչ-որ մի պահ անտարբեր է, ընտրություններին ոգեւորվում է, գնում  մի առաջնորդի ետեւից, որը պարզ չէ, թե իրեն ուր է տանելու, «այնքան չի սիրում այս իշխանությանը, որ պտտրաստ է ցանկացածին ձայն տալ»։