Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եւ Կիեւում այդ երկրների ԱԳ նախարարնների վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ կողմերն իսկապես ցանկանում են դուրս գալ ստեղծված փակուղուց: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ԱՊԱ-ին տված հարցազրույցում:
«Ինձ հաճելի էր, որ Կիեւում վերջին հանդիպումը հնարավորություն էր նախարարների համար՝ քննարկելու նուրբ ու բարդ հարցեր, որպեսզի գտնեն առաջխաղացման ուղին: առաջիկա շաբաթներին բարձր մակարդակում նրանց հետագա փոխգործակցությունը իրական հնարավորություն է ստեղծում այդ հակամարտությունը խաղաղ ու արդար կերպով կարգավորելու համար, չնայած պետք է նշել, որ առաջընթացը պահանջում է ամենաբարձր մակարդակում քաղաքական կամքի դրսեւորում»,-ընդգծել է համանախագահը:
Նրա խոսքով՝ նախարարները պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքն այն ամենի հիման վրա, ինչի արդեն հասել են. «Միեւնուն ժամանակ, բոլոր կողմերը բաց են կայուն կարգավորման հասնելու ուղիների դիտարկման համար: Մենք այսուհետ եւս աջակցելու ենք այդ բանակցություններին»:
Պատասխանելով առաջիկայում ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի սպասվող նախագահության մասին հարցին՝ ամերիկացի դիվանագետը նշել է. «Մենք շատ շնորհակալ ենք վերջին տարվա ընթացքում ԵԱՀԿ-ում ուկրաինական նախագահության աջակցության համար եւ անհամբերությամբ սպասում ենք Շվեյցարիայի հետ համատեղ աշխատանքներին: Մինսկի խումբը շարունակում է հանդիսանալ կարգավորմանն աջակցող ձեւաչափ: Այնուամենայնիվ, Շվեյցարիան հակամարտությունների կարգավորման հարցում ունի պատմական փորձ եւ տարածաշրջանային խնդիրները լուծելու հարցում նրա ակտիվ ներգրավվածությունը միայն ողջունելի կլինի»:





























