Հայաստանում ցանկանում են ներդնել ռուսական մայրական կապիտալի անալոգը: Այդ հնարավորությունը նախատեսվում է «Պետական նպաստների մասին» օրենքի նոր խմբագրված տարբերակում: Օրինագծի համաձայն՝ մայրական կապիտալը կարող է բաղկացած լինել երրորդ եւ հետագա երեխաների ծնվելուց հետո ստացվող նպաստներից:
2014-ից սկսած երրորդ եւ չորրորդ երեխաների ծնվելուց նպաստը կկազմի 1-ական միլիոն դրամ, հինգերորդ եւ նրան հաջորդող երեխաների դեպքում՝ 1,5: Դրանցից առձեռն կտրամադրվի հինգ հարյուր հազարը, մնացած գումարը կկուտակվի պետության հաշվին ու կձեւավորի ընտանեկան կապիտալ: Երեխայի խնամակալը կամ ծնողները կկարողանան օգտագործել այդ գումարը օրենսդրությամբ նախատեսվող նպատակների համար՝ նախքան երեխայի չափահաս դառնալը:
Նշվում է, որ պետական հաշվին կուտակվող գումարը կարող է տոկոսներ բերել, իսկ հաշվին կարելի է նաեւ այլ միջոցներ ավելացնել, ինչը թույլատրվում է օրենքով: Օրինագիծը դիտարկվում է առաջին ընթերցմամբ: Սակայն օրինագծում նշված չէ, թե ընտանեկան կապիտալը ինչ տոկոսներ կարող է բերել: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ գումարը կարող է օգտագործվել բնակարան գնելիս, հիպոթեք վճարելիս, բուժման կամ ուսումնառության համար վճարելիս:




























