«Տղամարդկանց ու կանանց համար հավասար հնարավորությունների ու իրավունքների ապահովման մասին» օրենքում մեր ազգային արժեքներին հակասող որեւէ բան չկա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Նա ընդգծել է, որ կիսում է մտավախությունները, որ, հնարավոր է, նմանատիպ օրինագծերի ընդունումը դարձել է Եվրոպայում այնպիսի գործընթացների պատճառ, որոնք հանգեցրել են նույնասեռ ամուսնությունների կամ նրանց կողմից երեխաների որդեգրման: Օմբուդսմենը միեւնույն ժամանակ նկատել է, որ եթե խոսել ազգային ու կրոնական արժեքների մասին, «մենք պետք է նայենք մեր հասարակությանը՝ որքանով ենք մենք պահպանում այդ արժեքները մեր առօրյա կյանքում»:
Ալավերդյանն ընդգծել է, որ «Տղամարդկանց ու կանանց համար հավասար հնարավորությունների ու իրավունքների ապահովման մասին» օրենքում բավականին շատ դրական կողմեր կան. «Ավելի լավ չէ՞ բողոքների փոխարեն անդրադառնալ գենդերի մասին օրենքի դրական կողմերին: Ուրախ եմ, որ կան խմբեր, որոնք դեմ եմ մեզ համար անընդունելի երեւույթներին: Ես չեմ տեսել դատական համակարգում անարդարության կամ սոցիալական անարդարության դեմ պայքարողների»: Ալավերդյանի կարծիքով՝ ավելի արդիական կլիներ, օրինակ, ընտանեկան բռնության դեմ պայքարելը:





























