Դեկտեմբերի 17-ին ՀՅԴ-ն երթ կանցկացնի՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա հիշեցրել է, որ իշխող կոալիցիայի կազմում չընդգրկված քաղաքական ուժերը՝ ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ եւ ՀԱԿ, 32 ստորագրություն են հավաքել, որով ցանկանում են դիմել՝ ընդդեմ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի: Մինասյանի համոզմամբ՝ օրենքը հետաձգման եւ լուրջ լրամշակման կարիք ունի:
Մինասյանը հավելել է, որ վերջնական տեքստի կազմման ժամանակ պատգամավորները ակնկալում են հասարակության ակտիվ մասնակցությունը: «Մեր դիմումը ՍԴ-ի կողմից ընդունվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 27 պատգամավորի ստորագրություն: մենք արդեն հավաքել ենք 32 ստորագրություն: Ընդ որում, ստորագրել են ոչ բոլոր ցանկացողները: Բայց մենք ավելի լայն ձեւաչափով գործողություններ ենք նախատեսում: Դեկտեմբերի 17-ին մենք կենսաթոշակային բարեփոխումների դեմ երթ կկազմակերպենք, որը կարող է վերաճել հանրահավաքի»,-ասել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ նոր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է ուժի մեջ մտնի 2014-ի հունվարի 1-ից: Հասարակության զգալի մասը դեմ է մասնավոր կուտակային ֆոնդերին փոխանցել իրենց աշխատավարձի 5 տոկոսը:





























