Ուկրաինայի հատուկ նշանակության զորքերը դեկտեմբերի լույս 11-ի գիշերը   սկսել են գրոհել Կիեւի Եվրամայդանը, ուժայինները կոտրել են պատնեշները եւ  քանդել վրանները` բողոքողներին  հրելով դեպի Մայդանի կենտրոն:  Հրապարակի բոլոր ելքերը փակվել են:

Գրոհը սկսելուց առաջ պետական կատարածուն ցուցարարների համար կարդացել է  դատարանի վճիռը քաղաքի կենտրոնում զանգվածային ցույցերի արգելքի վերաբերյալ:

Սպեցնազը Միխայլովյան փողոցի կողմից  ցուցարարներին քշել է դեպի պատնեշների երկրորդ գիծ: Ցուցարարները փորձում են դիմակայել: 

Ավելի ուշ «Բերկուտին» են միացել «Գեպարդի» հատուկ ստորաբաժանումները, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կոմունալ ծառայությունները ուժայինների պահպանության ներքո ավարտում են Անկախության մայդանի կենտրոնում պատնեշների վերացման աշխատանքները: Իրականում նրանք  հավաքել էին միայն պատնեշների առաջին գիծը Միխայլովսկայա եւ Ինստիտուտսկայա փողոցներում եւ կանգ էին առել:

Ընդդիմության առաջնորդները հայտարարում են Անկախության մայդանում 25 հազար հավաքվածների մասին: Հրապարակ են դուրս գալիս նաեւ շրջակա տների բնակիչները:

Մայդանի շուրջ 200 ակտիվիստներ արգելափակվել են Կիեւի քաղաքապետարանում եւ զսպում են  «Բերկուտի» մարտիկներին, որոնք փորձում են շենք ներխուժել: 

Ուկրաինայի ՆԳՆ-ից էլ հայտնել են, որ ցուցարարները արցունքաբեր գազ են կիրառել եւ ուժայինների վրա ծխացող նռնակներ նետել, ինչպես նաեւ ուժայինների վրա ջուր ցողել քաղաքապետարանի շենքի պատուհաններից: Ըստ ՆԳՆ-ի`հատուկ նշանակության ստորաբաժանումները չեն ցրում ցուցարարներին, այլ ապահովում են կոմունալ ծառայությունների աշխատանքը` պատնեշները ապամոնտաժելու եւ երթեւեկելի մասը վրաններից ազատելու համար: