ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Ուկրաինայի իշխանությունների որոշումը` Կիեւում դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու կապակցությամբ: Պաշտոնական Վաշինգտոնն իր նողկանքն ու անհանգստությունն է հայտնել Կիեւի այդ որոշման վերաբերյալ:
«ԱՄՆ-ն իր նողկանքն է հայտնում Ուկրաինայի իշխանությունների որոշման վերաբերյալ` Կիեւի Մայդանում խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ նշանակության զորքեր, բուլդոզերներ եւ մահակներ կիրառելու, այլ ոչ թե ժողովրդավարական իրավունքները եւ մարդկային արժանապատվությունը հարգելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
«Նման պատասխանն ընդունելի եւ ժողովրդավարական չէ», - նշել է Ջոն Քերրին:
«Մենք Ուկրաինայի կառավարությանը հայտնում ենք մեր մտահոգությունը», - հյտարարել է Քերրին եւ հիշեցրել, որ դեմոկրատական սկզբունքների, այդ թվում նաեւ հավաքների ազատության նկատմամբ հարգանքը, համընդհանուր արժեք է:
ԱՄՆ-ի պետքարտուղարը նաեւ հիշեցրել է, որ Վաշինգտոնը մի քանի շաբաթ շարունակ Յանուկովիչին եւ նրա կառավարությանը կոչ է արել ունկնդիր լինել խաղաղություն, արդարություն եւ եվրոպական ապագա պահանջող մարդկանց ձայնին։ «Դրա փոխարեն, Ուկրաինայի իշխանություններն, ինչպես այսօր երեւաց, այլ ընտրություն կատարեցին» , - ընդգծել է Քերրին։
Վերջում Վաշինգտոնը Ուկրաինայի իշխանությանը առավելագույն զսպվածության կոչ է արել՝ հիշեցնելով, որ նրանք պատասխանատու են ուկրաինացի ժողովրդի անվտանգության համար, եւ իր աջակցությունն է հայտնել ուկրաինացի ժողովրդին։





























