Հանրապետական խմբակցության քարտուղար, պատգամավոր Հովհաննես Սահակյանը իր գործընկերներին զսպվածության կոչ է անում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Մանվել Բադեյանի մեկը մյուսի հետեւից արված աղմակահարույց հայտարարություններին, որտեղ նա սկզբից եզդիներին էր վիրավորել, այնուհետեւ լրագրողներին էր վիժվածք անվանել:

Պատգամավորն ասաց, որ երբեմն լրագրության մեջ հանդիպում են այնպիսի դեպքեր, որոնք ոչ միայն հունից հանում են, այլ տանում են այլ ուղղությամբ, որի խնդիրը սադրելն է, պրովոկացիաներ անելը: «Ես ինքս հանդիպում եմ երբեմն նման դեպքերի,որը իհարկե չի տարածվում բոլոր լրագրողների վրա, կան բազմաթիվ լրագրող ընկերներ, լավ մարդիկ, որոնց նպատակը եւ աշխատանքի բովանդակությունը կայանում է հասարակության լայն շերտերին ինֆորմացնելը: Կարծում եմ՝ որպես ժողովրդի ընտրյալ՝պատգամավորը պետք է զսպվածություն ունենա, էմոցիաները զսպի կամ չընդառաջի եւ ընդամենը հեռանա առանց որեւէ մեկնաբանություն տալու, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան: Ես մեկ անգամ եւս կոչ եմ անում իմ գործընկերներին մի փոքր այս առումով, ի օգուտ մեզ բոլորի, զսպվածություն դրսեւորել»,- ասաց խմբակցության քարտուղար:

Հովհաննես Սահակյանը Մանվել Բադեյանի վարքագծի վերաբերյալ մեկնաբանություն չարեց, քանի որ դեռ իր հետ չի խոսել, տեղեկացրեց, որ աշխատանքի մեկնելու պես կզրուցի վերջինիս հետ:

Ինչ վերաբերում է եզդիների մասին Բադեյանի հայտարարությանը, Հովհաննես Սահակյանը կարծիք հայտնեց, որ եզդի համայնքը մեր կազմակերպված, լավ համայնքներից մեկն է, որի հետ երկար, համերաշխ ապրում ենք, փոխհամագործակցում ենք բոլոր հարցերում, որեւէ խնդիր եզդի համայանքի հետ գոյություն չունի եւ չի էլ կարող ունենալ:

Նշենք, որ Ազգային ժողովի միջանցքում դեկտեմբերի 10-ին բավական թեժ էր, հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանն էր բղավում: Լրագրողներից մեկը դյուրագրգիռ պատգամավորին հարց հղեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ, ինչը հունից հանեց Բադեյանին:

«Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»,- բորբոքվել է Բադեյանը եւ հավելել. «Դա լեզվի դասընթաց ա, խաղ չի, օտար լեզվով դասընթացներ չեն ցուցադրո՞ւմ հեռուստատեսությունները»:

Բադեյանը համոզված էր, որ խնդիրը հեռուստախաղի ռուսերեն հեռարձակվելու մեջ է, եթե այլ լեզվով լիներ, նման հարց չէր ծագի: «Հիմա այդ խաղի աշխատանքային լեզուն ռուսերենն ա, արա, հո դուք գի՞ժ չեք, արա»,- իր պառապաշարը սկսեց ցուցադրել Բադեյանը: Լրագրողները վերջինիս կարգի հրավիրեցին՝ կոչ անելով «արա»-ով չխոսել: «Արա»-ն բացականչություն ա, ձեզի չեմ ասում»,- կրկին բղավել է Բադեյանը եւ, քթի տակ ինչ-որ բաներ փնթփնթալով հեռացել:

Նրա այս հայտարարության առթիվ եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: Նրանք պատգամավորի համար զուգարանի թուղթ էին բերել, ինչպես նաեւ թղթի վրա նկարված էշ: Երիտասարդները Բադեյանի հարցով պատրաստվում են  դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով:

Այս ամենի վերաբերյալ Մանվել Բադեյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր հետեւյալը. «Դա մասնավոր խոսակցություն էր, ինչի՞ են սարքել հրապարակման առարկա, դա բացարձակապես մասնավոր խոսակցություն էր, տպագրության համար նախատեսված չէր, գործ սարքողների նման վիժվածք են, դրա համար էլ էդպես է, այ դա կարող եք հրապարակել, որ ես իրենց վիժվածք եմ համարում, իսկ եզդիների նկատմամբ որեւէ վատ բան չունեմ: Մասնավոր խոսակցություն էր, որը որեւէ կապ չունի իմ ինտերվյուի հետ, վերցնում, հրապարակում են»:

Հարցին, թե մտավախություն չունեք, որ լրագրողներին վիժվածք ասելուց հետո հիմա էլ նրանք ձեզնից կնեղանան, պատգամավորը կրկնել էր իր միտքը՝ «իհարկե, այդպիսի պահվածք ունեցող վիժվածք է, ես դրանից չեմ ամաչում»: