Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը մեծ բլեֆ է, կգա կջանդամվի կգնա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ Դավութօղլուն մի կենդանի է, որը ամեն ամիս հակահայկական հայտարարություններ է անում: Եղիազարյանը հիշեցրեց, որ 1,5 ամիս առաջ Դավութօղլուն հայտարարել էր, որ մինչեւ Հայաստանը Ղարաբաղի հարցը չլուծի, դուրս չգան իրենց եղբայրների հողերից, նրանց հետ ոչ մի եղբայրություն չի լինի:
«Դավութօղլուն Թուրքիայում ուղիղ հայտարարեց, որ Ալիեւի հետ Հայաստանին թողել են տարբեր ճանապարհներից դուրս` Մետաքսի ճանապարհից: Դավութօղլուի այցը մեր գլխին փաթաթված թուրքական բլեֆն է, որ աշխարհին ցույց տան, թե իրենք մեզ հետ արձանագրությունները ստորագրելուց հետո եւս շարունակում են հարաբերությունները»,-նշեց Գուրգեն Եղիազարյանը եւ ավելացրեց, որ Ցյուրիխում արձանագրությունները ստորագրելուց հետո ոչ մի երկիր էլ Ցեղասպանությունը չի ընդունել:
Գուրգեն Եղիազարյանն ընդգծեց, որ Դավութօղլուի Հայաստան այցը միայն նրա համար է, որ ցույց տան, թե բարեկամական հարաբերությունները շարունակում են: «Ֆուտբոլի փոխարեն հիմա ասենք պինգպոնգային դիվանագիտություն կսկսեն: Որպեսզի, եթե մեկը ցանկանա ճանաչել Ցեղասպանությունը, ասեն. «Բայց ներողություն, մենք հիմա սկսել ենք էլի հարաբերվել հայերի հետ»: Ընդամենը այս բլեֆն է»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը եւ ավելացրեց, որ մենք էլ մեր ժողովրդի հետ ենք բլեֆ անում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























