Հաջորդ տարեսկզբին Ռուսաստանի խորհրդարան կներկայացվի օրինագիծ, որը խստացնում է լրատվամիջոցների գործունեության նկատմամբ վերահսկողությունը ոչ հավաստի վերատպումների հարցում: Օրինագիծը կներկայացնի Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Միտրոֆանովը:
Ըստ նրա՝ շատ հաճախ վերատպվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Ընդ որում՝ մեղավորներին գտնելը չափազանց բարդ է լինում: Այս կապակցությամբ, այլ լրատվամիջոցից հղումով տեղեկություն տեղադրած լրատվամիջոցը նույնպես պետք է պատասխանատվություն կրի դրա տարածման համար, հայտնում է «Իզվեստիան»:
«Մենք հարցի միայն այս կողմին ենք անդրադառնում, որովհետեւ այն այսօր մեծ նշանակություն ունի: Շատ լրատվամիջոցներ հայտարարում են, որ պարզապես գործընկերներից վերցրել են այս կամ այն նյութը, բայց եթե այն հավաստի չէ, ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում», — ասել է Ալեքսեյ Միտրոֆանովը եւ հավելել, որ դրան պետք է վերջ տալ:





























