ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոստան Ույուտ» ընկերության ղեկավար Մանվել Բադեյանի արտահայտությունից վիրավորվել է եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Թամոյանը:
Շարմազանովն իր խոսքում նշել է, որ հայերին եւ եզդիներին կապում է դարավոր բարեկամություն, եւ ինքը կարեւորում է ազգային փոքրամասնությունների, հատկապես եզդիական համայնքի դերը մեր պետության կայացման գործում:
Նա փաստել է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետության լիարժեք քաղաքացիներն են, եւ նրանց իրավունքներն ու ազգային արժանապատվությունը պաշտպանված են մեր երկրում:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն այստեղ ապրող բոլոր ազգերի եւ ազգությունների հայրենիքն է, եւ նրանց իրավունքների ոտնահարման ամեն փորձ ինքնին դատապարտելի է:





























