Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեկտեմբերի 9-ին, հրապարակված «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող արտահերթ զեկույցը: Այս մասին հաղորդագրություն է տեղադրվել ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնի կայքում։
Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը հայտարարում է.
• հիմնազուրկ դատողություններից բաղկացած հիշատակված զեկույցը պետական եւ հասարակական կարգի ապակայունացման լուրջ վտանգ է պարունակում, որը միտված է դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում թյուր պատկերացումների ձեւավորմանը
• զեկույցն ամբողջությամբ երեւակայության արդյունք է եւ արժեզրկում է ոչ միայն արդարադատության իմաստն ու բովանդակությունը, այլ նաեւ այդօրինակ երեւակայություն ունեցողի իրական առաքելության իմաստը
• պրոֆեսիոնալ մարմինը գրավոր, թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ պետք է եւ պարտավոր է ներկայացնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ, որպիսիք զեկույցում իսպառ բացակայում են
• զեկույցում փողոցային բամբասանք հիշեցնող անհեթեթ տեղեկություններ ներառելը հարիր չէ իրավական պետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին՝ ընդհանրապես եւ այդ պաշտոնը զբաղեցնող անձին՝ մասնավորապես:
Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդն ավելորդ չի համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հիշեցնել.
• Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ղեկավարվել օրինականության, հասարակական համակեցության եւ սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին եւ նորմերին («Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ եւ 5-րդ հոդվածներ)
• Պաշտպանը պետք է տեղյակ լիներ բազմաթիվ միջազգային ակտերի գոյության մասին, որոնցում ամրագրված է դատարանների հեղինակությունը հարգելու եւ այն արատավորող գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու պահանջը, որն ուղղված է դատարանների անկախությունն ապահովելուն:
Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը, անթույլատրելի համարելով հանրության մոտ դատարանների ու դատավորների վերաբերյալ անվստահություն սերմանելու դիտավորությունը, կարեւորելով դատարանի՝ որպես արդարադատություն իրականացնող միակ մարմնի հեղինակությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է.
• հարգել դատավորի սահմանադրական կարգավիճակը
• անշեղորեն պահպանել օրինականության սկզբունքը
• ձեռնպահ մնալ դատարանի հեղինակությունն արատավորող հիմնազուրկ դատողություններ հրապարակելուց:
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ն իր արտահերթ զեկույցում նշել է, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են թե՛ Վճռաբեկ դատարանի եւ թե՛ Արդարադատության խորհրդի կողմից կիրառված երկակի ստանդարտները, որոշ դեպքերում նաեւ դրանք զուգորդված են եղել օրենքի խախտումներով, անդրադարձել կոռուպցիոն մեխանիզմներին։
ՄԻՊ-ը զեկույցում նշել է դատական ատյաններում կաշառքի սակագները. մասնավորապես, առաջին ատյանի դատարանում՝500-1000 դոլար, վերաքննիչ դատարանում 2000-15 000, Վճռաբեկ դատարանում՝ 10 000-50 000 դոլար:





























