ԱՄՆ-ում ամուսինն իրենց իսկ տանը սպանել է հիվանդ կնոջը, ավելի ուշ գնացել է Լոս Անջելեսի հիվանդանոց եւ սպանել իր 58-ամյա հաշմանդամ քրոջը: Ոստիկանությունը չի բացառում, որ սպանությունները խղճահարությունից դրդված են կատարվել:
Ըստ քննիչների՝ 60-ամյա Լենս Անդերսոնը քրոջը կրակել է նրա տառապանքներին վերջ տալու համար, ասել է ոստիկանության խուզարկու Խուան Սանտան: Կոմայից դուրս գալուց հետո կինը չորս տարի է հիվանդանոցում էր, հայտնում է Reuters-ը:
Անդերսոնը նաեւ կնոջ սպանության մեջ է կասկածվում:
«Պ-ն Անդերսոնը միակողմանի կարգով ճակատագրական որոշում է ընդունել՝ խլել երկու կյանք եւ մեկընդմիշտ փոխել իր եւ իր կնոջն ու քրոջը սիրողների կյանքը», - ասել է Լոս Անջելեսի ոստիկանության լեյտենանտ Փոլ Վերնոնը: Նա նաեւ հավելել է, որ նման կարգի սպանությունների շարժառիթներն իրավաբանորեն երբեք չեն կարող արդարացվել:
Ըստ ոստիկանության՝ Անդերսոնը իր քույր Լիզային սպանել է Լոս Անջելեսի վերականգնողական հիվանդանոցի պալատում եւ, ատրճանակը թողնելով սեղանին, սպասել ոստիկանության ժամանմանը:
Մարդասպանն առանց դիմադրելու հանձնվել է, ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Ավելի ուշ ոստիկանները նրա տանը հայտնաբերել են կնոջ դին:
Ըստ Անդերսոնի հարեւանների՝ իրենք գիշերը հրավառության ձայներ հիշեցնող աղմուկ են լսել, բայց ոստիկանություն չեն կանչել: Նրանց խոսքով՝ տղամարդը կյանքը կտար կնոջ համար, որը առողջական խնդիրներ ուներ:




























