Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ բանակցությունների կլոր սեղանի շուրջ նստելու առաջարկին ուկրաինական ընդդիմությունն արձագանքել է սեփական պայմաններն առաջարկելով:

«Ազատություն» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը հայտարարել է, որ «այս իշխանության հետ ոչ մի զրույց չի կարող լինել» այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմության պահանջները չեն կատարվել եւ «սպեցնազը» Կիեւից դուրս չի բերվել:

Իր հերթին «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտնել է, որ նախագահի հետ բանակցությունները հնարավոր կդառնան միայն այն դեպքում, երբ «մայդանը» հավանություն տա, փոխանցում է «Ռոսիա 24»-ը:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ հաշտության եւ ըմբռնման ուղին երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու միակ հնարավոր ճանապարհն է:  «Բոլոր կողմերի գործողությունները բացառապես օրենքի եւ Սահմանադրության շրջանակում պետք է լինեն», — ասել էր Յանուկովիչը՝ հավելելով, որ ինքն անձամբ պատրաստ է մասնակցել  բանակցությունների կլոր սեղանին՝ երկրում ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:

Հիշեցնենք, դեկտեմբերի 7-ին Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները երեք գլխավոր պահանջ էին առաջադրել, որոնց կատարման դեպքում կբանակցեն իշխանությունների հետ: Այն ժամանակ խոսքը կառավարության հրաժարականի, Եվրամայդանի ձերբակալված մասնակիցների ազատման եւ նոյեմբերի 30-ի ցույցը բռնությամբ ցրելու մասնակիցներին պատժելու մասին էր: