Թաիլանդի ընդդիմադիր Դեմոկրատան կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Աբհիսիթ Վեթչաչիվային 92 մարդու սպանության պաշտոնական մեղադրանք է ներկայացվել:

Մեղադրանքը ներկայացվել է 2010թ.  ցուցարարներին ցրելու գործի շրջանակում, երբ 92 մարդ զոհվել, երկու հազարից ավելին տուժել էին:

Վեթչաչիվան կանչվել է դատախազություն: Նրա հետ այս նույն գործով անցնում է նրա նախկին տեղակալ, Բանգկոկի վերջին ցույցերի առաջնորդ Սութհեփ Թհիաքսուբանը:  2010թ.  Թհիաքսուբանը անվտանգության հարցերով փոխվարչապետն էր: Երկուսն էլ մեղադրվում են 2006թ. պաշտոնանկ արված վարչապետ  Թաքսին Չինավատի կողմնակիցների հանրահավաքի ժամանակ զինված ուժերին ցույցը ցրելու հրաման տալու համար:

Զինվորներին թույլատրվել էր «բացառիկ դեպքերում ինքնապաշտպանության համար» զենք կիրառել: Արդյունքում 90-ից ավելի մարդ էր զոհվել: Յուրաքանչյուր զոհի գործն առանձին է քննվում:

Զինծառայողները պատասխանատվությունից ազատվել են, քանի որ հրաման են կատարել:

Վեթչաչիվան եւ Թհիաքսուբանը չեն ընդունում մեղքը եւ պատրաստվում են դատավարությանը: Ի դեպ, Թհիաքսուբանը գլխավոր դատախազություն չէր ներկայացել՝ պատճառաբանելով ցույցերի կազմակերպմամբ իր զբաղվածությունը:

Դատարանն ու գլխավոր դատախազությունը նաեւ կքննարկեն Վեթչաչիվային գրավի դիմաց ժամանակավոր ազատելու հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Թաիլանդի ազգային երրորդ հեռուստաալիքը: