Ուկրաինան վաղ թե ուշ, այս կամ մյուս տարի Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիր կստորագրի: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողներին ասել է «Արեւելյան Եվրոպա» հետազոտությունների կենտրոնի առաջատար մասնագետ Մարիուս Լաուրինավիչիուսը «Եվրոպական ինտեգրացիա-2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները «Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով միջազգային խորհրդաժողովի ընթացքում:
«Վստահ եմ, Ուկրաինան կգնա այդ ճանապարհով, բայց մինչեւ որեւէ որոշակի կետ: Բոլորին հասկանալի է, որ ուկրաինացի օլիգարխներին շատ ձեռնտու է Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը:
Իհարկե, նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնին մնալու համար իր խաղն է խաղում, քանի որ նա ամեն ինչ վտանգել է Յուլյա Տիմոշենկոյին բանտ ուղարկելով: Նա լավ է հասկանում, որ նույն ճակատագիրը իրեն է սպասվում», - նշել է փորձագետը՝ ընդգծելով, որ Յանուկովիչը պաշտոնը կորցնելուց հետո կարող է նաեւ սեփական ազատությունը կորցնել:
Հիշեցնենք, նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունն անորոշ ժամկետով դադարեցրել էր Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը:





























