Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը Ադրբեջանում խուճապ է առաջացրել: Այս մասին դեկտեմբերի 12-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի միության նախագահ Գրիգորի Այվազյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանի քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներն այժմ  պարզ գիտակցում են. Լեռնային Ղարաբաղում պատերազմի դեպքում իրենք գործ են ունենալու ոչ միայն Հայաստանի եւ ԼՂ-ի, այլեւ Ռուսաստանի հետ: «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելը կնշանակի պատերազմ հայտարարել Ռուսաստանին: Իսկ թե ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ, Ադրբեջանը տեսել է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2008թ. պատերազմի օրինակով», - ընդգծել է Այվազյանը:

Ըստ նրա՝  Հայաստանի եվրաինտեգրման որոշ կողմնակիցներ, ծառայելով Արեւմուտքի շահերին, փորձում են վատացնել Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունները, եւ դա այն ժամանակ, երբ վճռվում է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի գոյության հարցը: «Նրանց համար այդ հարցերը երկրորդական նշանակություն ունեն», - հավելել է Ադրբեջանահայերի միության նախագահը: Գրիգորի Այվազյանը Ռուսաստանը համարում է Հայաստանի եւ ԼՂ-ի անվտանգության հարցերի կարեւորագույն երաշխիք: 

Հիշեցնենք, որ Մաքսային միությանն անդամակցելու եւ հետագայում Եվրասիական միության ձեւավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին հայտարարվել էր սեպտեմբերի 3-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ավարտին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am