Ֆրանսիան Հայաստանում խոշորագույն արեւմտյան ներդրողն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Նրա խոսքով՝ ԵՄ ու Հայաստանի համատեղ հայտարարությունը լավ հիմք է ստեղծում Հայաստանի ու ԵՄ միջեւ հետագա համագործակցության համար: «Վիլնյուսյան գագաթաժողովը մեր համագործակցությունում կարեւոր նշաձող էր»,-հայտարարել է դեսպանը: Սեպտեմբերին Հայաստանի ընտրությունից հետո երկիրը լավ հնարավորություն է ստացել իր մտադրությունը՝ զարգացնելու համագործակցությունը նաեւ եվրոպական ուղղությամբ, հայտարարել է նա:

«Հայաստանի ու Եվրամիության համատեղ հայտարարությունը՝ արված Վիլնյուսում, կարելի է արդյունքների ամփոփում եւ ապագայի հեռանկարների թվարկում համարել: Նախանշվել են գործակցության ոլորտները՝ ժողովրդավարության, պետական կառավարման, արդարադատության եւ տնտեսության մի շարք ճյուղերում»,-հայտարարել է դեսպանը:

«Ինչ վերաբերում է էկոնոմիկային, ապա չմոռանանք, որ Ֆրանսիան Հայաստանի տնտեսությունում արեւմտյան խոշորագույն ներդրումներ կատարողն է»,-հավելել է դիվանագետը: