Շուտով Երեւանում ֆիանսիական վարկով կսկսվի ջրամատակարարման համակարգի վերանորոգումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Նրա խոսքով՝ նախագծի մրցույթի մասին կհայտարարվի մոտ ապագայում, եթե արդեն չի հայտարարվել:
Ֆինանսավորման մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռեւս 2009-ի մայիսին, սակայն ծրագրի աշխատանքները դեռ չեն սկսվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ջրային տնտեսությունում նախատեսում են մինչեւ 22 միլիոն դոլարի վարկային եւ դրամաշնորհային միջոցներ ներդնել: NEWS.am-ի թղթակցին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի պայմանագրերի կառավարման եւ իրավաբանական հարցերով տնօրեն Արտակ Մալխասյանը հայտնել էր, որ Հայաստանի կառավարության եւ EBRD-ի միջեւ 7 միլիոն դոլար վարկի վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչեւ հուլիսի վերջ: Այսպես թե այնպես, բանակցություններն արդեն ավարտվում են: Ենթադրվում է, որ ծրագրի իրականացումը վերահսկելու է Երեւանի քաղաքապետարանը:
Ըստ EBRD կայքի տեղեկության՝ բանկը մյուս 7 միլիոն դոլարը վարկի տեսքով պատրաստվում է խնդրել Եվրոպական հարեւանության քաղաքականության Ներդրումային գործիքից: Հայաստանի կառավարության եւ ֆինանսական այլ աղբյուրների համաֆինասավորումը հաշվի առնելով՝ ծրագրի ընդհանուր ծավալը կարող է կազմել 21,94 միլիոն դոլար: Ծրագրի ֆինանսավորման հնարավորությունը դիտարկում է Եվրոպական ներդրումային բանկը:
Վարկային ծրագրի աշխատանքներն ընդգրկելու են քոթեջային թաղամասերում ջրատար համակարգերի վերանորոգումը, ինչպես նաեւ խողովակատարից սեփական տան համակարգին միանալու հնարավորությունը: «Այդպիսով, սեփականատերերի հետ կտարանջատենք ենթակառուցի համար պատասխանատվությունը», – պարզաբանել է Մալխասյանը: Նախատեսում են կատարելագործել 25-30 հազար սեփական տների ենթակառույցները («Երեւան Ջրի» սպասարկման գոտում թիվը 85 հազար է):
Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաեւ ջրամատակարարման համակարգի հատվածավորման աշխատանքներ:





























