Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի բուժման վերջին փուլն ավարտվել է եւ նա արդեն շատ լավ է զգում իրեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը:
Նա տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանը պատրաստվում է վերադառնալ եւ դեկտեմբերի 19-ին արդեն կլինի Հայաստանում:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Մանվել Գրիգորյանի վիրահատությունը Փարիզում հաջող է անցել: «Սակայն վերադառնալուց հետո բժիշկները գեներալին զգուշացրել էին, որ չի կարելի ամբողջ կուրսը չավարտած վերադառնալ Հայաստան, որ մեկ ամիս չի կարելի անգամ ինքնաթիռ նստել: Սակայն, Մանվել Գրիգորյանը որոշել էր, որ ինքն անձամբ պետք է մասնակցի դեպի Արցախ ուխտագնացությանը եւ ժամանակից շուտ ինքնաթիռով վերադարձել Հայաստան եւ ուխտագնացության ճանապարհին վատացել էր»,- ասել էր Վարդան Վարդանյանը:
Մանվել Գրիգորյանը Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում բուժում ստանալուց հետո կրկին մեկնել էր Ֆրանսիա՝ բուժման վերջին կուրսն ընդունելու համար:





























