2014 թվականի հուլիս-օգոստոսից Air France-ը կսկսի Հայաստան թռչել ամեն օր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Մինչ այդ, մայիսին թռիչքների հաճախականությունը կդառնա շաբաթական 6 անգամ:
Նա ընդգծել է Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականություն որդեգրելու կարեւորությունը: «Ավիափոխադրողների համար հավասար պայմանների ստեղծումը խթան կհանդիասանա Հայաստանի շուկայի համար, իսկ Air France-ն այստեղ ամենափորձառու արտասահմանյան ավիաընկերություններից է»,-հայտարարել է Ռենոն:
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ ամրապնդվում են հայ-ֆրանսիական երկկողմ կապերը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2013-ի հոկտեմբերին կազմել է մոտ 58,4 մլն դոլար (2012-ի ցուցանիշից մի փոքր նվազել է) եւ կազմում է Հայաստանի արտաքին առեւտրի 1,2 տոկոսը»





























