57-ամյա Գեւորգ Մ.-ն եւ իր որդին` 32-ամյա Էդուարդ Մ.-ն մեղադրվում են Տիգրան Բ.-ին առեւանգելու եւ ծեծելու մեջ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 57-ամյա Գեւորգ Մ.-ն Երեւան քաղաքի Ագաթանգեղոս փողոցում, վարելով ՋԻՊ ավտոմեքենա, իրեն հետեւելու պատճառով Տիգրան Բ.-ի վարած ավտոմեքենան կանգնեցնելու համար, իր վարած ավտոմեքենայի առջեւի մասով երեք անգամ հարվածել է Տիգրանի ավտոմեքենայի հետնամասին՝ դիտավորությամբ նրան պատճառելով խոշոր չափերի՝ 650 հազար ՀՀ դրամի գույքային վնաս:
Այնուհետեւ, կրկեսի մոտ, Տիգրան Բ.-ն կայանել է իր վարած ավտոմեքենան եւ կոնֆլիկտից խուսափելու նպատակով վազել կրկեսի բակ, իսկ Գեւորգ Մ.-ն հետապնդելով, որդու հետ միասին ձեռքերով հարվածներ են հասցրել Տիգրանի մարմնին եւ բռնություն գործադրելով նրա վրա, վերջինիս կամքին հակառակ տեղափոխել են Ագաթանգեղոս փողոցում կայանված ՋԻՊ ավտոմեքենայի մոտ: Նրանք Տիգրանին բռնությամբ մտցրել են մեքենայի սրահ, որից հետո հանել ու տեղավորել են նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, ապա տեղափոխել ՀՀ ոստիկանության էրեբունու բաժին:
Գեւորգ Մ.-ի դեմ քրեական գործ է հարուցվել 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով): Քրեական գործ է հարուցվել նաեւ 131 հոդվածի 1-ին մասով (խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:
32-ամյա Էդուարդ Մ.-ի դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով (խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոցը ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 11-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























