Լոռիում ռումինացի վարորդին վրաերթի ենթարկած վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝  «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը 31-ամյա  Գառնիկ Մ-ն է: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 00։30-ին, Վանաձորի Շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի եւ որովայնի վնասվածքներով մահացած վիճակում Վանաձորի դիահերձարան է տեղափոխվել Իոան Դեիասը՝ 1960թ. ծնված Ռումինիայի քաղաքացի։

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդել էր, որ պարզվել է, թե Իոան Դեիասը բեռնատար մեքենայի վարորդ է եւ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում, նախնական վարկածով, Սատանայի կամուրջ կոչվող ճանապարհահատվածի մոտ, փորձել է շղթաներ գցել անվադողերին եւ ենթարկվել է վրաերթի։

Դեպքի վայր է մեկնել Ճանապարհային ոստիկանության եւ Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը։ Նախնական տվյալով, վրաերթը կատարվել է «Ֆորդ» մակնիշի մեքենայով, որի վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։ Գործը հարուցվել է ՔՕ-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով)   եւ 244-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: