Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշումը բազմիցս հիմնավորվել է, եւ մեր հասարակությունը աստիճանաբար համոզվում է դրա արդյունավետության մեջ: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտարարել է ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ «Եվրոպական ինտեգրացիա-2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները «Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով խորհրդաժողովի ընթացքում:

«Յուրաքանչյուր ինտեգրացիոն գործընթացի համար մենք պետք է ունենանք օրակարգեր, որոնք չեն հակասում միմյանց եւ հաշվի են առնում բոլոր մարտահրավերները, սպառնալիքները, ինչպես նաեւ մեր հասարակության կարիքները:  Գոյություն ունեն խնդիրներ, որոնք թելադրում են մեր արտաքին քաղաքականությունը: Առաջին հերթին դա անվտանգության խնդիրն է, երկրորդ խնդիրը էներգետիկական ռեսուրսների մատակարարման ապահովման անհրաժեշտությունն է», - նշել է պատգամավորը՝ հավելելով, որ երրորդ խնդիրը արտաքին աշխարհի հետ կապող հաղորդուղիներն են, չորրորդն էլ տնտեսական դաշտում մրցունակությունը եւ, իհարկե, մշակութային եւ հումանիտար հարաբերությունների խնդիրը:

«Մենք կփորձենք շարունակել համադրել համագործակցության բոլոր եզրերը:  Քաղաքականությունը  հնարավորի արվեստ է, եւ այսօր մենք չենք վերանայում, այլ թարմացնում ենք Եվրամիության հետ համագործակցության օրակարգը», - ընդգծել է Արտակ Զաքարյանը՝ հույս հայտնելով, որ հավասարակշռված քաղաքականության շնորհիվ Հայաստանը կարող է շարունակել «եւ-եւ»-ի քաղաքականությունը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am