Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան կատարած այցի ընթացքում ակնարկեց, որ Հայաստանը եւս կարող է ընդգրկվել տարածաշրջանային նախագծերում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նա կարծիք հայտնեց, որ որպես Օսմանյան կայսրության ժառանգորդ, Թուրքիայի ցանկացած քայլ մտածված է եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ֆոն ստեղծելն է, թե մենք գործընթացի մեջ ենք, որը ի վերջո կհանգեցնի երկու երկրների բարեկամության եւ տարածաշրջանի կայունության:

«Հիմա մենք ժողովրդի իմաստությունը պետք է հիշենք: Մենք անգամ մեզ խաբեց՝ ամոթ իրեն, երկու անգամ մեզ խաբեց՝ ամոթ մեզ»,- մեջբերեց Արտակ Դավթյանը: 

Հիշեցնելով Դավութօղլուի այն ակնարկը, թե  Հայաստանը եւս կարող է ընդգրկվել տարածաշրջանում սպասվելիք նախագծերում, Արտակ Դավթյանն ասաց. «Հիմա ով ասում է մատս վարունգ է, ինչ է, աղը պետք է  վերցնենք վազենք հետեւի՞ց: Սակայն մեր տունը հյուր է եկել եւ միջազգային պահանջներին համապատասխան պետք է ընդունենք»:

«Մենք ցանկանում ենք Եվրասիական տարածքում կառուցել Եվրոպական պետություն: Սա է մեր ցանկությունը»,- ընդգծեց Արտակ Դավթյանը: 

Իսկ ասուլիսի մյուս բանախոսը՝ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ նշեց, որ Դավութօղլուի այցի մեջ որեւէ խնդիօր չկա: «Կա խնդիր, որ նա հանդիպել է Էդվարդ Նալբանդյանի հետ եւ մեկ ժամից ավելի հարց են քննարկել, որը գաղտնի է մնացել: Այսինքն կան խնդիրներ, որ պետք է լուծվեն եւ հայտնի է, որ կան նախապայմաններ ԼՂ-ի հետ կապված: Ակնհայտ է, որ  քննարկման առարկան հայ-թուրքական սահմանն է եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը»,- ավելացրեց Անդրիաս Ղուկասյանը: