Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետեւանքով ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների ու կալանավորված անձանց իրավունքներին եւ պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ «Գորիս» ՔԿՀ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք 2013թ. հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, շահադիտական նպատակով, իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու միջոցով, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգը, քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին եւ կալանավորված անձանց սահմանված չափաբաժիններով սնունդ, հիգիենիկ եւ անկողնային պարագաներ չեն տրամադրել, դատապարտյալների եւ կալանավորված անձանց մոտ հայտնաբերելով բջջային հեռախոսներ, դրսեւորելով հովանավորչություն` քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն չեն իրականացրել, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց եւ այն ի կատար ածելու կարգադրությունն ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում դատապարտյալի պատիժը կրելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը չեն որոշել:
ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները չկատարելու կամ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված եւ մի շարք այլ դեպքերով ՔԿՀ դատապարտյալների եւ կալանավորված անձանց իրավունքներին, ինչպես նաեւ պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:





























