Մաքսային միության հետ կապված բոլոր փաստաթղթերը հրապարակային են, ի տարբերություն Եվրամիության ասոցացման համաձայնագրի: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: Նրա խոսքով՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի վրա շատ ծանր կանդրադառնա Մաքսային միության տարիֆային համակարգի կիրառումը:
«Օրինակ, Եվրոպայից մեքենաներ ներմուծելու համար 20-35 տոկոս տոկոսադրույքներ վճարելը բեռ է: Ստացվում է, որ այն ինչ ներմուծում ենք Արեւմուտքից եւ Իրանից, դրանք այն ապրանքներն են, որոնց մուտքը Մաքսային միությունը փորձում է սահմանափակել»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը եւ ավելացրեց, որ բարդություններ շատ կլինեն:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն էլ նշեց, որ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ կան: «Մասնավորապես կառավարության կողմից մշակված թեթեւ արդյունաբերության, կոշիկի արտադրության զարգացման ծրագրեր կան»,- նշեց ԱԺ պատգամավորը եւ ավելացրեց, որ առաջիկայում դրանք կներկայացվեն ԱԺ քննարկմանն ու հաստատմանը:





























