Բոլորովին Հայաստանի շահերից չի բխում, Ռուսաստանի ու Եվրամիության հետ լավ ու գործընկերային հարաբերություններ ունենալով, հայտնվել տարաձայնությունների դաշտում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, արտաքին կապերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ «Եվրասիական ինտեգրում-2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով միջազգային կոնֆերանսին:

Նրա խոսքով՝ մի շարք հանգամանքների պարագայում Մոլդովան հայտնվում է նման իրավիճակներում, Վրաստանը դեպքերի մեծ մասի դեպքում օգտագործում է այդ հարթակը՝ համապատասխան քննադատության համար: «Երբ Հայաստանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ուներ որոշակի քաղաքական սպասումներ նաեւ ԵՄ-ից: ԵՄ-ն առաջնորդվում է պրակտիկ շահերով ու մենք դա հասկանում ու գնահատում ենք: Ես չեմ մեղադրում ոչ Ռուսաստանին, ոչ Եվրամիությանը եւ ոչ էլ անգամ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակող երկրներին»,-ընդգծել է Զաքարյանը: Նա նշել է, որ յուրաքանչյուր երկիր գործում է իր շահերից ելնելով եւ Հայաստանը եւս պետք է այդ կերպ վարվի: «Մենք չենք ցանկանում ներգրավվել մի կռվում, որը մերը չէ»,-ասել է ՀՀԿ ներկայացուցիչը: