«Արմավիա» կոլեկտիվի ցրվելով Հայաստանը կկորցնի պրոֆեսիոնալ օդաչուների եւ ինժեներների: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտարարել է  Հայաստանի Հանրային խորհրդի օդային տրանսպորտի ենթահանձնաժողովի անդամ Իզաբելա Մուրադյանը:  Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է տեղացիների, այլ ոչ թե արտասահմանյան բաժնետերերի կողմից ղեկավարվող  ընկերություններ ունենա:  «Եթե վաղը հանրապետությունում ֆորսմաժորային վիճակ ստեղծվի՝ պատերազմական դրություն կամ տարերային աղետ, ոչ մի արտասահմանյան ընկերություն իր օդանավերը չի վտանգի եւ վտանգավոր վայրեր չի թռչի», - նշել է  Մուրադյանը:

Ընկերության օդաչուներն ու տեխնիկական կազմը, հավելել է նա, այժմ մասնագիտությամբ չեն աշխատում եւ կամ կկորցնեն որակավորումը, կամ կմեկնեն արտասահման: «Բոլորդ գիտեք՝ որքան արժե մեկ օդաչու պատրաստելը: Հազարավոր դոլարներ: Եվ մենք կորցնում ենք կադրային այս ռեզերվը: Ավելի ուշ մենք կզգանք դրա պակասը», - հավելել է նա:

Հիշեցնենք, 2013թ. ապրիլի սկզբին հայկական «Արմավիա» ավիաընկերությունը ֆինանսական դժվարությունների պատճառով դադարեցրել էր աշխատանքը: Մի քանի ամիս Հայաստանի օդային կապը ապահովում էին միայն արտասահմանյան ընկերությունները:  «Արմավիայի» վերջնական սնանկացման եւ լուծարման մասին առայժմ չի հաղորդվել: