Դանիան 400-ից ավելի կղզի ունի: Փոքր կղզիների բնակչությունն անընդհատ կրճատվում է, իսկ տեղի բնակչությանը պահելու ծախսերն աճում են: Որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս մշտական բնակության համար փակել այդ կղզիները եւ վաճառել:
Դանիայի 27 փոքր կղզիներում ներկայումս ընդհանուրը 4,6 հազ. մարդ է ապրում: Բնակչության թվաքանակի կրճատմանը զուգահեռ աճում են մնացած բնակիչների կոմունալ ծախսերը: Պետությունն ամեն տարի տեղական կառավարման մարմիններին 15 մլն կրոն է հատկացնում (2,7 մլն դոլար):
Օլբորգի համալսարանի փորձագետ Յորգեն Մելլերի խոսքով՝ «Տնտեսական տրամաբանությունը պահանջում է բնակության համար փակել այդ կղզիներից որոշները: Մենք չենք ասում՝ պետք է վերաբնակեցնել մարդկանց, խլել տները»: Նա տեղական իշխանություններին առաջարկում է գնել այդ տները՝ բնակիչներին անելով առաջարկ, որից նրանք չեն կարող հրաժարվել:
Իրենց հերթին տվյալ առաջարկին ընդդիմացողները պնդում են, որ կղզիների գինը գումարով չի կարող արտահայտվել, դրանք պետք է պահպանել ոչ թե տնտեսական, այլ մշակութային տեսակետից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























