Դեկտեմբերի 12-ի դրությամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները չորս անգամ այցելել են Հակոբ Ինջիղուլյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սարա Էպրեխտը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք պատվիրակությունը կապի մեջ է Ինջիղուլյանի բարեկամների հետ, պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ կապերը պարբերական հիմքի վրա են իրականացվում: «Մեր դռները բաց են Ինջիղուլյանի բարեկամների համար: Մենք հասկանում ենք նրանց մտահոգությունն ու անհանգստությունը եւ փորձում ենք միշտ հանդիպել նրանց ու քննարկել բոլոր հուզող խնդիրները, փորձում ենք նրանց հետ առավելագույնս բաց լինել»,-ընդգծել է Էպրեխտը: Պատվիրակության ղեկավարը նաեւ հիշեցրել է ԿԽՄԿ միջոցով նամակագրության կարեւորությունը: «Մենք շարունակում ենք աջակցել Հակոբի ու նրա ընտանիքի միջեւ կապի ապահովմանը եւ դա շատ կարեւոր ենք համարում»,-եզրափակել է նա:
Շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել ու ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվել էր օգոստոսի 8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել էին Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառներով հետաձգում էր Կարմիր Խաչի պատվիրակների հանդիպումը ռազմագերու հետ: Առաջին անգամ նրան կարողացել էին այցելել 12 օր անց:





























