Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ որպես պատվիրատու մեղադրվող 33-ամյա Ստեփան Հակոբյանի դատավճիռը, ով դեկտեմբերի 9-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, բողոքարկվելու է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեդրակ Զատիկյանի մայրը` Սոխակ Խոցանյանը:
«Նման մարդուն, ով 6 երեխայի է որբացրել եւ երկու զոհ է տվել, նրան շատ մեղմ պատիժ են տվել: Նրան պետք է ցմահ ազատազրկեին: Հոդվածն էլ ենթադրում էր, որ 20-25 տարվա ազատազրկման պետք է դատապարտվեր կամ ցմահ, բայց 15 տարվա ազատազրկում տվեցին»,- ասաց սպանվածի մայրը եւ ավելացրեց, որ իրենք դատարանի վճիռը բողոքարկելու են եւ ցմահ ազատազրկում են պահանջելու:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սեդրակ Զատիկյանի հայրը` Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ի հոկտեմբերի 7-ին: Պաշտոնական վարկածով վերջինս մահացել է սրտի կաթվածից: Իսկ Զատիկյանի ավագ որդին`Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: Իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ 2013-ի հունվարի 13-ին ժամը 7:00-ի սահմաններում հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին:





























