38-ամյա Արման  Գ.-ն իր տաքսիով կանգառից, որպես ուղեւոր, վերցրել է Անահիտ  Մ.-ին եւ փորձել առեւանգել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն՝ 38-ամյա Արման Գ.-ն,  իր կողմից վարած «ՎԱԶ 2103» մակնիշի 27 ԼՕ 529 հարամանիշի տաքսի ավտոմեքենայով Երեւան քաղաքից դեպի Էջմիածին ընթանալիս, Փարաքար գյուղի ճանապարհային ոստիկանության հենակետի հարեւանությամբ գտնվող կանգառից, որպես ուղեւոր վերցրել է Անահիտ  Մ.-ին, Էջմիածին տեղափոխելու համար, սակայն ընթացքի ժամանակ առեւանգելու դիտավորությամբ, ավտոմատ համակարգով փակել է ավտոմեքենայի դռները եւ նրա կամքին հակառակ, բացահայտ առեւանգել է վերջինիս:

Այդ ընթացքում Անահիտ Մ.-ն կոտրել է ավտոմեքենայի դռան ապակին եւ բարձրաձայն օգնություն կանչել: Վրա հասած մեկ այլ քաղաքացու միջամտությունից հետո Արման Գ.-ն ճանապարհին իջեցրել է Անահիտին եւ դիմել փախուստի:

Այսինքն` Արման Գ.-ն մեղադրվում է ՀՀ քր.օրի 131 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ (խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ`  2-5  տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 11-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: