Ամենամյա սոցհարցումների տվյալով՝ «ինչեւէ» (whatever) բառն արդեն հինգ տարի է՝ ամերիկացիներին ամենաշատն է նյարդայնացնում։ Հարցումն անցկացրել է Նյու Յորքի Հասարակական կարծիքի ինստիտուտը։
Պարզվել է՝ «Ինչեւէ» բառը նյարդայնացնում է պատասխանողների 38%-ին, հաջորդում է նման (like) բառը՝ 22%, երրորդ տեղում է «դե, գիտես»-ը (you know)՝18%։
ԱՄՆ-ի բնակիչները նաեւ տանել չեն կարողանում «հենց այնպես եմ ասում» (just saying) արտահայտությունը եւ ակնհայտ է (obviously) բառը՝ համապատասխանաբար 14 եւ 6%։
Պատասխանողների 2%-ն այդպես էլ չեն կողմնորոշվել՝ որ բառն է իրենց նյարդայնացնում ամենաշատը։
Ինստիտուտի ներկայացուցիչները նաեւ կազմել են քաղաքական գործիչների կիրառած ամենաձանձրացնող բառերի ցանկը։ Աներկբա առաջատարն է (41%) Obamacare բառը՝ Բարաք Օբամայի նախաձեռնած առողջապահական բարեփոխման ոչ պաշտոնական անվանումը։
Բացի այդ, ամերիկացիներին խիստ զայրացնում են «ֆիսկալ ճեղքվածք» (fiscal cliff) եւ «սեկվեստր» (sequestration) բառերը։
Սոցհարցման արդյունքները հրապարակվել են դեկտեմբերի 20-ին։





























