«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում բետա-ճառագայթման մակարդակը ստորերկրյա ջրերում ռեկորդային բարձր արժեք ունի: Կայանի ТЕРСО օպերատոր-ընկերության տվյալների համաձայն՝ ճառագայթման ցուցանիշները հասել են մինչեւ 1.9 միլիոն բեքերել մեկ լիտրում:
Ջուրը փորձարկվել է երկրորդ էներգաբլոկի տեխնիկական հորերից մեկում: Ինչպես պարզվել է, վերջին ամսվա ընթացքում բետա ճառագայթման մակարդակն աճել է ավելի քան երկու անգամ: Ռադիոակտիվ բետա ճառագայթում նաեւ առաջին անգամ նկատվել է 25 մետր խորությամբ ստորերկրյա ջրերի ստուգման ժամանակ ԱԷԿ-ի չորրորդ տեխնիկական հորի շրջանում: Ջրում հայտնաբերվել է ռադիոակտիվ ցեզիում-137 մեկ լիտր հեղուկում 6.7 բեքերելի մակարդակով, իսկ ստրոնցիում եւ բետա անկման այլ տարրերի մակարդակը 89 բեքերել էր մեկ լիտրում:
Մասնագետների կարծիքով՝ եթե բետա անկման ռադիոակտիվ տարրերի պարունակությունը ստորերկրյա ջրերում ապագայում նույնպես հաստատվի, դա թույլ կտա խոսել մեկ այլ գործոնի մասին, որն ազդում է կայանի շրջանում ծովային ջրերի ռադիոակտիվ աղտոտման մակարդակի վրա:
Հիշեցնենք, որ օգոստոսին «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում հայտնաբերվել էր վթարից հետո ամենախոշոր 300 տոննա չափով ռադիոակտիվ ջրերի արտահոսք(80 մլն բեքերել մեկ լիտրում) ցիստերնից, որտեղ ջուրը պահվում էր ռեակտորների սառեցումից հետո: Ատոմային էներգետիկայի վերահսկողության կոմիտեն արտահոսքին շնորհեց վտանգի երրորդ աստիճան ըստ INES սանդղակի: Վտանգ է առաջացել, որ ջուրը ստորերկրյա ջրերի հետ կարող է օվկիանոսի ջրերում հայտնվեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:





























