Իրաքի Տիգրիթ քաղաքում «Սալահուդդին» հեռուստաալիքի շենքում ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իրաքի եւ Լեւանտայի իսլամական պետություն» խմբավորումը, որը սերտ առնչություններ ունի «Ալ Կաիդա»-ի հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հայտարարել է Agence France-Presse-ը:

Հեռուստաալիքին հարվածելու պատճառը եղել է այն, որ հեռուստաալիքը, ըստ ահաբեկիչների, «խեղաթյուրում է փաստերը եւ պայքարում է սուննիների դեմ», հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Հիշեցնենք, որ «Սահաուդդին»-ի վրա հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին, Բաղդադից հյուսիս գտնվող Տիգրիթ քաղաքում: Խմբավորման ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ գործողությանը մասնակցել է երկու մահապարտ, որոնք պայթեցրել են հեռուստաալիքի գրասենյակը: Զոհվել է 5 լրագրող, այդ թվում նորությունների գլխավոր խմբագիրը, թողարկող խմբագիրը, պրոդյուսերը, հաղորդավարը: Եւս 5 մարդ վիրավորվել է: