Հակամենաշնորհային օրենսդրության առումով Հայաստանը ԱՊՀ-ում եւ Արեւելյան Եվրոպայում լավ դիրքերում է, դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա հիշեցրել է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի Գլոբալ մրցունակության վերջին զեկույցում, որը հրապարակվել է 2013թ., Հայաստանը երեք կետով առաջ է անցել:
Մասնավորապես տեղական մրցունակության ինտենսիվության ցուցիչով Հայաստանը առաջ է անցել 28 միավորով: Այդ ցուցիչով Հայաստանն ԱՊՀ-ում առաջին տեղում է գտնվում: Հայաստանը հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության առումով առաջ է շարժվել 19 միավորով եւ կրկին առաջին տեղն է զբաղեցրել ԱՊՀ երկրների շարքում: Երրորդ ցուցիչը գերիշխող անձանց ազդեցությունն է տնտեսության վրա: Այդ ցուցիչով Հայաստանն առաջ է շարժվել 15 միավորով՝ առաջ անցնելով ԱՊՀ-ի եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների:
Խոսելով Համաշխարհային բանկի զեկույցի մասին՝ Շաբոյանը նշել է, որ պետական հանձնաժողովն արդեն ներկայացրել է իր գաղափարները հետազոտության մեթոդիկայի հետ անհամաձայնության վերաբերյալ: Շաբոյանը նշել է, որ գնահատման համար օգտագործվել էին 2009թ. փաստերը: «Օրինակ, որպես Հայաստանի թերություն՝ նշվել էր պետական հյուրանոցների եւ ռեստորանների առկայությունը: Դուք լավ գիտեք, որ նման բան վաղուց արդեն չկա», - հայտնել է Շաբոյանը:
Հիշեցնենք, որ ըստ Համաշխարհային բանկի «Հայաստանի Հանրապետություն. Կոնցենտրացիա, մրցակցություն եւ կապ» զեկույցի՝ Հայաստանի տնտեսությունը մենաշնորհի տեսակետից առաջին տեղն է զբաղեցնում ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների շարքում:





























