Ռուսաստանի Սմոլենսկի մարզի ռազմական օդանավակայանում վթարի է ենթարկվել Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու ՏՈՒ-154 ինքնաթիռը: Ինքնաթիռում գտնվել է 132 հոգի: Ինքնաթիռի վայրեջքի պահին ուժեղ մառախուղ է եղել: Ինքնաթիռը բախվել է ծառերին եւ չհասնելով թռիչքուղուն ընկել է: Սմոլենսկի նահանգապետը հայտարարել է, որ կենդանի մնացածներ չկան:
Ինչպես հաղորդում է «Ռոսիա-24»-ը, դեպքի տեղի է ունեցել վայրեջքի ժամանակ, զոհվել է 87 մարդ: Վթարի վայրում աշխատում են փրկարարները: Կաչինսկին եւ նրա կինը նույնպես գտնվել են ինքնաթիռում: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, կենդանի մնացածներ չկան:
«Մոսկվայի ժամանակով ժամը 10.56-ին Վարշավայից Սմոլենսկ թռչող ՏՈՒ-154 ինքնաթիռը վայէջքի ժամանակ վթարի է ենթարկվել: Նախնական տվյալներով զոհվել են 87 մարդ»,- հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ տեղեկատվության վարչության պետ Իրինա Անդրիանովան:
Դատախազության հետաքննական կոմիտեի ներկայացուցիչը հայտնել է, որ զոհերի ու վիրավորների մասին տվյալները ճշգրտվում են:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն արդեն տեղեկացվել է վթարի մասին: Նրա հրահանգով դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն: Ողբերգության մանրամասները հետաքննող հանձնաժողովը գլխավորելու է վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Լեհ Կաչինսկին նախատեսում էր այցելել Սմոլենսկի մարզում գտնվող Կատինի գերեզմանոց, որտեղ գտնվում է տոտալիտար բռնությունների զոհերի Ռուսաստանում առաջին միջազգային հուշահամալիրը: Ապրիլի 7-ին Կատին էին ժամանել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ու Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:Ենթադրվում է, որ Կատինում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու էին «Կատինի ընտանիքներ» լեհական հասարակական կազմակերպության մոտ 1000 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Գեորգի Պոլտավչենկոն, Սմոլենսկի նահանգապետ Սերգեյ Անտուֆեեւը եւ Սմոլենսկի լեհական համայնքի ներկայացուցիչները:




























