Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հաշտեցման ջանքերի առումով հետնաբեմում գործող առանցքային կերպարը՝ Սամսոն Օզարարտը, կարծում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահեմդ Դավութօղլուի հայտարարությունները՝ կապված 1915-ին հայերի դաժան արտաքսման հետ, շատ կարեւոր էին: Այս մասին գրում է «Hürriyet Daily News»-ը:
«Ես գիտեի 1915-ի իրադարձությունների վերաբերյալ Դավութօղլուի հայացքների մասին մեր զրույցներից: Այնուամենայնիվ, մինչ այս մենք երբեք չենք լսել նման բան պաշտոնյաներից: Այն, ինչ նա որպես ԱԳ նախարար հրապարակավ հայտարարել է, հսկայական քայլ է: Այժմ դա պատմության մի մաս է»,-ասել է Օզարարտը: Սակայն ըստ նրա, Հայաստանը կորցրել է Թուրքիայի հանդեպ վստահությունը՝ հարաբերությունների կարգավորման վերաբերյա արձանագրությունների տապալումից հետո:
Թուրքական Կոնյա կենտրոնական նահանգի հայ լինելով՝ Օզարարտը Թուրքիայի ու Հայաստանի մերձեցման առանցքային դեմքերից էր վերջին քսան տարիների ընթացքում:
Օզարարտն, ով հիմա Ֆրանսիայի քաղաքացի է ու բնակվում է Նիսում, երկու շաբաթ առաջ հեռախոսազանգ է ստացել Թուրքիայի ԱԳ նախարարից: Նա հրավեր է ստացել ուղեկցել նախարարին Երեւան կատարած այցի ժամանակ: Այնուամենայնիվ, Անկարան փորձել է շոշափել իրավիճակն ու տեսնել, արդյոք տեղ կա մանեւրելու համար:





























